Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հանկարծ որոշել են ավելացնել նաև առևտրի ոլորտը։ Այդ մասին օգոստոսի 27-ին Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։

«Լավ, թող խոսքը լինի ոչ թե պարզապես առևտրի, այլ միջազգային առևտրի մասին։ Թվում է՝ գործառույթների մասով լիազորություններն ընդլայնվում են, բայց մեր ԱԳՆ անվան մեջ ինչ-որ տարօրինակ կերպով առևտրի հետ ասոցիացիա է առաջանում», - ասել է Ասլանյանը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում արտաքին գործերի նախարարությունները, պաշտպանության նախարարությունների հետ մեկտեղ, դասվում են տիտղոսակիր նախարարությունների շարքին։

Պատգամավորը նշել է, որ առևտուրն ու ԱԳՆ-ն միմյանց այնքան էլ չեն համապատասխանում։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իր հերթին, նշել է, որ անվանումների փոփոխությունը ինքնանպատակ չէ։

«Այս փոփոխություններն արտացոլում են մեր քաղաքականությունն ու առաջնահերթությունները։ Մեր նպատակը տնտեսության զարգացումն է, ինչը հնարավոր չէ առանց միջազգային առևտրի խթանման և, հետևաբար, դիվանագիտական կորպուսի գործունեության։ Այդ գործունեությունը ևս պետք է ուղղված լինի միջազգային առևտրի խթանմանը, ինչը, իր հերթին, պետք է հանգեցնի Հայաստանի տնտեսության աճին։ Այսինքն՝ գաղափարը տնտեսության զարգացումն է, իսկ դրա իրագործման միջոցը՝ միջազգային առևտրի զարգացումը», - պարզաբանել է նախարարը։

Գալյանը նաև հավելել է, որ իր համար դժվար է պատկերացնել, թե որ կառույցը կարող է այս գործառույթն ավելի լավ կատարել, քան ԱԳՆ-ն։

«Նախորդ շրջանում մեր դիվանագիտական կորպուսը գործել է հակամարտությունների հաղթահարման տրամաբանության շրջանակում։ Այժմ մենք դուրս ենք եկել հակամարտության տրամաբանության սահմաններից, քանի որ խաղաղություն է հաստատվել։ Հենց սա է մեզ հնարավորություն տալիս մտածել մեր երկրի կայուն զարգացման մասին։ Ընդ որում, մեր տնտեսական աճն անխուսափելիորեն պետք է կապված լինի արտաքին առևտրի զարգացման հետ», - ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։

Մամիկոն Ասլանյանը պատասխանել է. «Եթե առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, ապա դեսպանատներում կան ռազմական կցորդներ։ Հետևաբար, ԱԳՆ-ին պետք է միացնել նաև Պաշտպանության նախարարությունը»։