12 երկիր, այդ թվում՝ Եվրոմիության ութ պետություն, դատապարտել են ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության դեմ Իսրայելի գործողությունները, հայտնում է «The Times of Israel»-ը:

Խոսքը այս շաբաթ Արևելյան Երուսաղեմի Քաֆր Աքաբ շրջանում գտնվող գործակալության արհեստագործական ուսումնական կենտրոնի ապամոնտաժման նպատակով սկսված գործողության մասին է:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Դանիան, Գերմանիան, Իրլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան, Իսպանիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Այս բոլոր երկրները հանդիսանում են գործակալության Խորհրդատվական հանձնաժողովի անդամներ:

Հայտարարության հեղինակներն իսրայելական ուժերի մուտքը կենտրոնի տարածք և դրա գրավումն անվանել են «անօրինական»: Ուսումնական օբյեկտը տեղակայված է Քալանդիա պաղեստինյան փախստականների ճամբարի հարևանությամբ՝ այն հողատարածքում, որն Իսրայելը համարում է պետական սեփականություն:

Երկրները վերահաստատել են գործակալության հանդեպ իրենց աջակցությունը և Իսրայելին կոչ են արել հարգել ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները, որոնք գործակալությանը թույլ են տալիս առանց միջամտության կատարել իրեն վստահված առաքելություն: Նրանք նաև պահանջել են «դադարեցնել կազմակերպության աշխատանքի բոլոր խախտումները»:

Իսրայելը տարիներ շարունակ մեղադրում է գործակալությանը՝ կրթական համակարգի միջոցով հակաիսրայելական տրամադրություններ տարածելու մեջ: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իսրայելական իշխանությունները գործակալության աշխատակիցներին մեղադրել են նաև Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելու մեջ և տվյալներ ներկայացրել այն աշխատակիցների վերաբերյալ, որոնք, ըստ Իսրայելի պնդման, միաժամանակ հանդիսացել են ահաբեկչական խմբավորումների անդամներ: Գործակալությունը հերքում է այս մեղադրանքները:

2024 թվականի վերջին Իսրայելն ընդունել է օրենք, որով արգելել է գործակալության գործունեությունն իր տարածքում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, որն Իսրայելը բռնակցել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո:

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ընթացիկ աշխատանքները Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից իրականացվող վերակառուցման ծրագրի մաս են կազմում: Իսրայելական կողմի վարկածով՝ խոսքը շրջանի հազարավոր արաբ բնակիչների համար նոր կրթական և հասարակական համալիրի ստեղծման մասին է: Նախագծին հատկացվել է ավելի քան 40 միլիոն շեկել (մոտ 13 միլիոն դոլար): Իսրայելը պնդում է, որ այդ հողատարածքը 1937 թվականից պատկանում է Հրեական գործակալությանը («Հրեական աջակցություն»/«Սոխնուտ»):