ԱՄՆ բանակն ընտրել է հինգ ռազմաբազա, որտեղ նախատեսվում է տեղադրել միջուկային միկրոռեակտորներ՝ օբյեկտներն առևտրային էներգահամակարգից անկախ էլեկտրաէներգիայով ապահովելու համար, հայտնում է Associated Press-ը։

Սպասվում է, որ ծրագրի շրջանակում կկառուցվի և շահագործման կհանձնվի ավելի քան 20 նմանատիպ բազա:

Բանակի ընտրած հինգ ընկերությունները հինգ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կարող են մինչև 2,2 միլիարդ դոլար ստանալ՝ նախագծի սահմանված փուլերի կատարման պայմանով: Նրանք պատասխանատու են լինելու միկրոռեակտորների կառուցման, սեփականության իրավունքի և շահագործման համար:

1-ից մինչև 20 ՄՎտ հզորությամբ տեղակայանքները պետք է պահուստային և կայուն էներգիայի աղբյուր դառնան կարևորագույն օբյեկտների համար: Զինվորականները նշում են, որ ռեակտորներն ունակ են աշխատել տարիներ շարունակ առանց վերալիցքավորման, ինչը հատկապես կարևոր է էլեկտրամատակարարման խափանումների կամ ռազմական հակամարտության դեպքում:

Միկրոռեակտորները կտեղադրվեն Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ, Կենտուկիի Ֆորտ Քեմփբել, Տեխասի Ֆորտ Հուդ, Ջորջիայի Ֆորտ Բենինգ և Նյու Յորքի Ֆորտ Դրամ ռազմաբազաներում: Ընդ որում, բազաները կպահպանեն ընդհանուր էներգացանցին միացումը, սակայն ռեակտորները լիովին չեն ապահովի դրանց էլեկտրաէներգիայի պահանջարկը:

Ծրագիրը ստացել է «Janus» անվանումը և բանակի կողմից մեկնարկել է անցյալ տարի: Դրա նպատակն է արագացնել առաջատար միջուկային տեխնոլոգիաների անցումը փորձնական տեղակայանքներից գործնական կիրառման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2025 թվականի մայիսին բանակին հանձնարարել էր ապահովել ժամանակակից միջուկային ռեակտորի գործարկումը ամերիկյան ռազմական օբյեկտում ոչ ուշ, քան 2028 թվականի սեպտեմբերի 30-ը:

Զինվորականները գտնում են, որ միջուկային էներգիայի օգտագործումը թույլ կտա բարձրացնել ռազմական օբյեկտների էներգետիկ կայունությունը և նվազեցնել խոցելի արտաքին էներգաաղբյուրներից ունեցած կախվածությունը:

Միևնույն ժամանակ, ծրագիրը քննադատության է արժանանում: Նոր ռեակտորների կառուցման հակառակորդները դրանք համարում են չափազանց թանկ և ռիսկային, իսկ Օստինում Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ալան Կուպերմանը հայտարարել է, որ ռազմական ֆինանսավորումը փաստացի կարող է թաքնված սուբսիդավորում դառնալ այն ընկերությունների համար, որոնք դեռևս չեն կարողացել առևտրային պատվիրատուներ գտնել:

Վիճահարույց մեկ այլ հանգամանք է կարգավորման համակարգը։ Ի տարբերություն ԱՄՆ-ի Միջուկային կարգավորման հանձնաժողովի կողմից լիցենզավորված առևտրային ատոմային ռեակտորների՝ ռազմաբազաներում գտնվող տեղակայանքները լիցենզավորվելու են հենց բանակի կողմից։ Գերատեսչությունում պնդում են, որ պահանջները մշակելիս կողմնորոշվում են Միջուկային կարգավորման հանձնաժողովի ստանդարտներով, որպեսզի հետագայում ընկերությունները ստիպված չլինեն էապես փոխել նախագծերը՝ առևտրային լիցենզիաներ ստանալու համար։

Բանակը նաև նախատեսում է ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագիր կնքել ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հետ։ Թափոնների երկարատև պահպանումն անմիջապես ռազմաբազաներում չի նախատեսվում։