ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:

Մասնավորապես, շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովը, Թաիլանդի Թագավորության վարչապետ Անուտին Չանվիրակուլը, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրը։

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ։

Այս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը, ազգային միասնությունը և ստեղծագործ ոգին։

Հենվելով պետականության բազմադարյա ավանդույթների և հարուստ մշակութային ժառանգության վրա՝ Հայաստանը արժանապատվորեն անցել է նոր պատմական պայմաններում կայացման և զարգացման բարդ ճանապարհը, հաստատվել որպես առաջադեմ երկիր, որը ճանաչում և հարգանք է վայելում միջազգային ասպարեզում։

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ, որոնք դարձել են երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ամուր հիմքը։

Ղազախստանում մեծ հարգանքով են վերաբերվում հայ ժողովրդին, Ձեր հնագույն պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Մենք բարձր ենք գնահատում մեր պետությունների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունները։

Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք էապես բազմապատկել ձեռք բերված արդյունքները և Ղազախստան-Հայաստան համագործակցությունը ծառայեցնել մեր բարեկամ ժողովուրդների արմատական շահերին։

Այս հանդիսավոր օրը, հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք իմ հարգանքի խոսքերը և անսպառ եռանդի և հետագա մեծ հաջողությունների անկեղծ մաղթանքները՝ ինքնատիպ ու նշանավոր հայ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

***

Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առթիվ մեծ հաճույքով Ձեզ և Ձեր երկրի բարեկամ ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս։

Անկախության տարիներին Հայաստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Մենք բարձր ենք գնահատում երկու ժողովուրդներին և պետություններին կապող պատմական կապերը։

Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները եղել և մնում են Տաջիկստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։

Ուրախալի է, որ այսօր մեր երկրները կառուցողական փոխգործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հարթակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ապահովել մեր բազմաբնույթ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և նպատակների իրականացում՝ ի բարօրություն երկրի բարգավաճման, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն, բարեկեցություն և հետագա առաջընթաց»։

***

Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաստատվել է որպես սեփական զարգացման ուղին ընտրած պետություն՝ հիմնված բաց շուկայական տնտեսության, զարգացած քաղաքացիական հասարակության և պրագմատիկ արտաքին քաղաքականության վրա։

Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում և արտահայտում է իր անփոփոխ հանձնառությունը՝ երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, փոխադարձ վստահության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը։

Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և համաձայնության հիման վրա մեր կառավարությունների միջև ձևավորված կապերն այսուհետ ևս կնպաստեն մեր երկրների առջև ծառացած կարևոր խնդիրների իրականացմանը։

Հարգելի՛ Նիկոլ Վովայի, շնորհավորելով երկրի պատմության նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

***

Թաիլանդի Թագավորության վարչապետ Անուտին Չանվիրակուլի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Թաիլանդի թագավորական կառավարության և Թաիլանդի թագավորության ժողովրդի անունից պատիվ ունեմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով։ Թաիլանդը և Հայաստանն ավելի քան երեք տասնամյակ բարեկամական հարաբերություններ ունեն։ Համոզված եմ, որ մեր կապերը կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական և առևտրային համագործակցության ոլորտներում մեր համագործակցության խորացման միջոցով։

Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Թաիլանդի ամուր հանձնառությունը՝ ամրապնդելու իր ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ՝ որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար, մենք մեծապես կգնահատենք Թաիլանդ-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ բանակցություններում Հայաստանի աջակցությունը՝ բանակցությունների հնարավորինս շուտ մեկնարկի հարցում, որը կարևոր քայլ կլինի Թաիլանդի և Հայաստանի համար առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև մեր երկու տարածաշրջանների միջև կապակցվածությունն ամրապնդելու գործում»:

***

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Միրզա Ֆախրուլ Իսլամ Ալամգիրի շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

ՀՀ Անկախության օրվա առիթով ցանկանում եմ Բանգլադեշի ժողովրդի և իմ անունից փոխանցել Ձերդ Գերազանցությանն իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները։

Բանգլադեշը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության հետ իր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և խաղաղության ու բարգավաճման ընդհանուր ձգտումների վրա։ Վստահ եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համատեղ աշխատել՝ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ՝ հանուն մեր երկու ժողովուրդների բարօրության։

Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ շարունակական խաղաղություն, կայունություն, առաջընթաց և բարգավաճում»: