Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ, քանի որ դա տնտեսապես նպատակահարմար չէ։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ընթացող Կատարի տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցերով պետնախարար Սաադ ալ-Քաաբին։

«Առևտրային և տեխնիկական նկատառումներից ելնելով՝ մենք որոշել ենք խողովակաշարերը որպես այլընտրանք չդիտարկել»,- ալ-Քաաբիի խոսքերն է մեջբերում «Qatar Energy» պետական ընկերության մամուլի ծառայությունը։

Նա պարզաբանել է, որ Կատարը գազն արտահանում է հեղուկացված տեսքով, ուստի ստիպված կլինեին այն նախ գազային վիճակում խողովակներով փոխադրել, ապա նորից հեղուկացնել ընդունող տերմինալներում՝ որտեղ էլ որ դրանք լինեին։

«Դա նշանակում է, որ մենք ստիպված էինք լինելու շատացնել «Հյուսիսային» հանքավայրի ընդլայնման նախագծով կառուցվող օբյեկտները։ Տնտեսական տեսանկյունից դա անիմաստ է»,- հավելել է նախարարը։