Հայ առաքելական եկեղեցում հոգևոր հայրերը՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, այսօր՝ սեպտեմբերի 21–ին, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին զինվորական պանթեոնում, այնուհետև աղոթք հնչեցրեցին հանուն հայրենիքի զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։

Վեհափառը ծաղիկներ խոնարհեց նաև «Արցախի կանչը» հուշահամալիրում։

Առավոտից Եռաբլուր պանթեոնը մարդաշատ է, բայց պաշտոնյաներ դեռ չեն այցելել։

Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում բոլորին համերգի է հրավիրում Հանրապետության հրապարակում, որը տեղի կունենա երեկոյան 20.30–ին։

Նշենք, որ զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ վաղ առավոտից Եռաբլուրում են, որպեսզի թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։