ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լայնամասշտաբ պատժամիջոցներ է նախապատրաստում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ Այս մասին The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ նախատեսվում է արգելել ՄՔԴ-ի հետ ֆինանսական գործարքների մեծ մասը, ինչպես նաև ամերիկյան դոլարով կատարվող փոխանցումները։ WSJ-ն ընդգծում է, որ սրա հետևանքով դատարանը կկտրվի համաշխարհային ֆինանսական համակարգի մեծ մասից, իսկ նրա աշխատանքը կկասեցվի։ Պարբերականի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ սահմանափակումները կարող են վերջնականապես համաձայնեցվել այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։

Հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ազդարարեց Հաագայի դատարանի դեմ լայնամասշտաբ արշավի մասին՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «քար առ քար քանդել այն»։ Ռուբիոն նշում էր, որ ՄՔԴ անդամ չհանդիսացող երկրների պաշտոնատար անձանց հետապնդելու դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում և սպառնում ԱՄՆ ինքնիշխանությանը։ Վաշինգտոնի և դատարանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն հետաքննություն սկսեց ամերիկացի զինծառայողների նկատմամբ և հրաժարվեց կարճել այդ գործերը։ Բացի այդ, դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերներ է արձակել։ Նրանք մեղադրվում են «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի ընթացքում մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Դրանից էլ ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինի կերպով Ռուսաստան տեղահանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով չէր բացառել, որ դատարանը կարող է հետաքրքրվել նաև իրենով։ Դրանից հետո Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ նախկին գլխավոր դատախազ Քարիմ Խանի նկատմամբ, ում հուլիսին հեռացրել էին պաշտոնից սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Բացի այդ, Politico-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ-ից և զգուշացրել, որ պատրաստվում է «համակարգված կերպով թուլացնել» դրա հնարավորությունները։ Թրամփի վարչակազմը դաշնակիցներին առաջարկել է «ուսումնասիրել այն սպառնալիքը», որն իրենց համար ներկայացնում է ՄՔԴ-ն, դատապարտել դրա «չափազանցված լիազորությունները» և դադարեցնել այդ դատական ատյանի ցանկացած ֆինանսական աջակցություն։ Ավելի վաղ ի պաշտպանություն դատարանի հանդես էին եկել Ճապոնիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Բելգիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան։