ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում բազմիցս խնդրել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) հասցվող հարվածները: Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրը: «Զրույցի ընթացքում «դիզել» բառը բազմիցս է հնչել»,- նշել է պարբերականի զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հարձակումները հանգեցնում են դիզելային վառելիքի համաշխարհային գնի աճին։ Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը թարմացրել է պատմական առավելագույնը՝ մեկ գալոնի (3.79 լ) դիմաց հասնելով 6.49 դոլարի։ Մեկ տարվա ընթացքում երկրում դիզելի արժեքն աճել է գրեթե կրկնակի։
Ավելի վաղ Թրամփը Fox հեռուստաալիքի լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Զելենսկին պետք է դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները, քանի որ դրանք խորացնում են «դիզելի դեֆիցիտը»։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են ոչ թե Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններով, այլ ռուս-ուկրաինական պատերազմով։ «Մի՛ հարվածեք դիզելային վառելիքի ենթակառուցվածքներին, որովհետև դա վնասում է, վնասում է ողջ աշխարհին»,- դիմել էր Թրամփը Կիևին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը, ըստ Թրամփի հավաստիացումների, նույնպես չէր հարվածելու ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այնուամենայնիվ, հարվածների փոխանակումը շարունակվել է։
Զելենսկին ռուսական ղեկավարությանն առաջարկել էր «սեղանին դնել» այն օբյեկտների ցանկը, որոնց ուղղությամբ ուկրաինական բանակը չպետք է հարվածներ հասցնի էներգետիկ զինադադարի շրջանակում։ Կրեմլում էներգետիկային չհարվածելու գաղափարն անվանել էին «լավ միտք», սակայն ընդգծել էին, որ ՆՎԳ-ների անվտանգ աշխատանքի ապահովումն ու նավթամթերքի արտադրության ծավալների ավելացումը չեն օգնի հաղթահարել դեֆիցիտը։ «Հիմնական խնդիրը նավթամթերքը համաշխարհային շուկաներ դուրս բերելն է»,- նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պարզաբանել էր, որ խոսքը տանկերների ուղղությամբ ուկրաինական հարվածների և միջազգային պատժամիջոցների մասին է։
2026 թվականի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) ավելի քան 70 անգամ հարվածներ են հասցրել ռուսական ՆՎԳ-ներին՝ շարքից հանելով դրանցից մի քանի տասնյակը։ Միայն օգոստոսին վերանորոգման նպատակով կանգնեցվել էր վեց խոշոր գործարան։ EA Analytics-ի տվյալներով՝ ՆՎԳ-ների աշխատանքի խափանման պատճառով Ռուսաստանում նավթավերամշակումը նվազել էր՝ հասնելով 2002 թվականից ի վեր նվազագույն մակարդակին։ Սա, իր հերթին, հանգեցրել էր երկրում վառելիքի դեֆիցիտի և դրա արտահանման արգելքին։





























