Ֆրանսիայում որոշ վարորդներ, վառելիքի թանկացմամբ պայմանավորված, սկսել են դիզելային վառելիքի փոխարեն ռապսի յուղ օգտագործել: Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Ֆրանսիայում մեկ լիտր ռապսի յուղն արժե 1,53 եվրո, ինչը գրեթե 1 եվրոյով էժան է դիզելային վառելիքից։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ սոցցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ երիտասարդներն իրենց մեքենան լիցքավորում են բուսայուղով. այն արդեն ավելի քան 1 միլիոն դիտում է հավաքել։

Այդուհանդերձ, շատ վարորդներ չեն պլանավորում անցնել ռապսի յուղի օգտագործմանը, քանի որ մտավախություն ունեն, որ շարժիչը, մասնավորապես՝ վառելիքի մատակարարման համակարգը, կարող է խափանվել: Բացի այդ, երկրում չհամապատասխանող վառելիք օգտագործելու համար նախատեսված է 200 եվրոյի չափով տուգանք։

Սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային՝ 1 լիտրի համար 2,41 եվրո ցուցանիշի։ Ինչպես LCI հեռուստաալիքի եթերում նշել է էներգետիկայի հարցերով նախարար-պատվիրակ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը, կառավարությունը լրացուցիչ ֆինանսական աջակցության ծրագիր է մշակում այն քաղաքացիների համար, ովքեր աշխատանքի բերումով ավտոմեքենա են վարում։