Սեպտեմբերի 20-ին Ցզեֆանբեյ Գոտայ հրապարակում տեղի է ունեցել «Discover China · Encountering New Chongqing Through International Consumption» համամեդիա արշավի մեկնարկի արարողությունը, որը նվիրված էր Չունցինի՝ որպես միջազգային սպառման կենտրոնի զարգացման 5-ամյակին։ Միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 չինացի և օտարերկրյա լրագրող, այդ թվում՝ NEWS.am-ի թղթակիցը։ Ներկայացվել են «Չունցինի խոհարարական քարտեզի» 2.0 տարբերակը, նոր զբոսաշրջային ծրագրեր և «5+3+N» հայեցակարգով առաջմղման պլանը։

Չունցինի քաղաքային առևտրային հանձնաժողովի տնօրեն Չժան Յունվուն քաղաքի սպառողական ներուժը ներկայացրել է չորս կերպարների միջոցով՝ ժայռապատկեր, ապաստարան, գնացք և շոգեքարշ։ Նա նշել է, որ Չունցինը չորրորդ տարին անընդմեջ գիշերային տնտեսության զարգացման ցուցանիշով գլխավորում է Չինաստանի քաղաքների ցանկը, ներգրավել է Fortune Global 500 ցուցակի 325 ընկերություն և ստեղծել ավելի քան 100 ինքնատիպ առևտրային տարածքներ՝ ժայռերի վրա, ափամերձ գոտիներում և նախկին ապաստարաններում։
Յույչժուան շրջանի ղեկավար Հե Դուն պատմել է, որ երեք գործարար թաղամասերը, 20 առևտրի կենտրոնները և 10 ավանդական փողոցները ձևավորում են 2․3 միլիոն քառակուսի մետր մակերեսով սպառողական տարածք։ Նախագծերի թվում են MixC Xinhua համալիրը, ինչպես նաև Արևմտյան Չինաստանում առաջին հարկերի վերադարձի թաղամասը և օտարերկրացիների համար հարմարավետ վճարումների գոտին։ Ցզեֆանբեյ շրջանն ընդգրկվել է Չինաստանի զբոսաշրջիկների համար ամենահարմարավետ գործարար թաղամասերի լավագույն տասնյակում և երկրում 4-րդ տեղն է զբաղեցնում սպառողական մրցունակությամբ։

Չունցինում անցկացված եռօրյա լրագրողական շրջայցին ընդհանուր առմամբ մասնակցել է 33 լրագրող՝ աշխարհի 30 երկրից։
Դիանա Առուշանյան, Չունցին



























