Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի իշխանությունը հայտնվել է երերուն վիճակում. Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) կրած պատմական պարտությունից հետո նա ստիպված է պայքարել պաշտոնը պահպանելու համար: Կուսակցությունն առաջին անգամ դուրս է մնացել երկրամասային խորհրդարանից, հայտնում է Bloomberg-ը:
«Առաջիկա 48 ժամում պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք Մերցը պահել իշխանությունն այն պարագայում, երբ կուսակցականները բացահայտ պահանջում են նրա հրաժարականը: Սոցհարցումների համաձայն՝ նա հետպատերազմյան Գերմանիայի ամենացածր վարկանիշն ունեցող կանցլերն է»,- նշում է պարբերականը:
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ ՔԴՄ-ն տեղական ընտրություններում երբևէ այսպիսի ջախջախիչ պարտություն չէր կրել: Վերլուծաբանները ձախողումը կապում են տարիներ տևած տնտեսական լճացման հետ: Կուսակցության ներսում շատերը համոզված են, որ Մերցի հետագա պաշտոնավարումը միայն խորացնելու է ճգնաժամը:
«Անկախ նրանից՝ նրան կհաջողվի դիմանալ այս հարվածին, թե ոչ, նրա հեռացումն անխուսափելի է և օրերի հարց»,- Bloomberg-ին փոխանցել են ՔԴՄ աղբյուրները:
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում հաղթանակ է տարել «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջակողմյան կուսակցությունը՝ ստանալով ձայների 38,2%-ը, մինչդեռ Մերցի ՔԴՄ-ն հավաքել է աննախադեպ ցածր՝ 4,9%:
Ինքը՝ Մերցը, ընտրությունների ելքն «աղետալի» է որակել՝ ընդունելով, որ իր կուսակցությունը պարզապես տրորվել է ՍԴՊԳ-ի և ԱԳՀ-ի միջև ծավալված թեժ պայքարում:





























