Դելիում մեկնարկել է Հնդկաստանի ընդդիմության երթը՝ ընդդեմ ընտրություններում ենթադրյալ խախտումների։ «Փրկենք ձայները, փրկենք երկիրը» կարգախոսով ակցիայի մասնակիցները հավաքվել են Ռամլիլա հրապարակում, հայտնում է Hindustan Times-ը։

Բողոքի ցույցին մասնակցում են Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Ռահուլ Գանդին, «Սամաջվադի» կուսակցության ղեկավար Ախիլեշ Յադավը և Արևմտյան Բենգալիայի նախկին գլխավոր նախարար Մամատա Բաներջին։

Ընդդիմությունը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Գյանեշ Կումարին մեղադրում է խախտումների մեջ և պահանջում ուշադրություն դարձնել ընտրացուցակների հավաստիությանը։ Նախօրեին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Կոնգրեսի նախագահ Մալիկարջուն Խարգեի նստավայրում անցկացրել են ընտրական հանձնաժողովի ղեկավարի իմպիչմենտի խորհրդանշական ընթացակարգ։

Կիրակի օրը Դելիի կենտրոնական հատվածում տեղակայվել է շուրջ 10 հազար ոստիկան և ռազմականացված ստորաբաժանումների ծառայող։ Կենտրոնական շրջանի ոստիկանապետի տեղակալ Ռոհիտ Ռաջբիրը հայտնել է, որ տարածքում տեղադրվել է ավելի քան 200 հսկման տեսախցիկ։ Կազմակերպիչները հույս ունեն ներգրավել գրեթե մեկ միլիոն մարդու, սակայն ոստիկանությունը հաշվի է առնում Ռամլիլա հրապարակի տարողունակությունը՝ մոտ 50 հազար մասնակից։ Եթե մասնակիցների թիվն ավելի մեծ լինի, մնացածներին կպահեն հարակից փողոցներում։

Տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքի մի շարք շրջաններում գործում են երթևեկության սահմանափակումներ և շրջանցիկ երթուղիներ։

Ռահուլ Գանդին ակցիային ժամանողներին կոչ է արել աջակցել տեղացի առևտրականներին և բողոքի ակցիային մասնակցությունը համատեղել տոնական շրջանի համար գնումների հետ։

Ընդդիմության երթին զուգահեռ՝ իշխող «Բհարաթիա ջանատա կուսակցությունը» ևս ակցիա է կազմակերպում Հարի Նագար շրջանում՝ նվիրված 1984 թվականի սիկհերի ջարդերին։ Դրան կմասնակցեն դաշնային կառավարության նախարար Հարդիպ Սինգհ Պուրին և սիկհական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընտրական հանձնաժողովի ղեկավարի շուրջ վեճի նոր փուլը հաջորդել է The Indian Express թերթի հրապարակմանը։ Ըստ պարբերականի, տասը ամսվա ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամները 14 անգամ առարկել են Կումարի որոշումների դեմ։ Ընտրական հանձնաժողովն իր հերթին պնդում է, որ բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն։