Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դատապարտել է երկրի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Քյոլնում և Ֆրանկֆուրտում երիտասարդական ցույցերից հետո բռնկված անկարգությունները։ Նա բռնությունների համար մեղադրել է ձախ արմատական խմբավորումներին և միգրանտների համայնքներից մասնակիցներին, հաղորդում է dpa-ն։

«Շաբաթ օրը ցերեկը խաղաղ ընթացող ցույցերը երեկոյան իրենց վերահսկողության տակ վերցրին բռնարար ձախ խմբերը և միգրանտական համայնքներից կարգազանցները», — Bild թերթին է ասել Դոբրինդտը։ Ըստ նրա, անկարգությունների մասնակիցների և կողոպտիչների ինքնությունը կպարզվի, և նրանք պատասխանատվության կենթարկվեն, իսկ հասարակական կարգի խախտումներին պետք է հետևեն խիստ պատիժներ։

Նախարարը նաև գովեստի խոսքեր է ասել ոստիկանության հասցեին՝ նշելով, որ դրա գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններին նման լայնածավալ բռնություններից։ Մի քանի քաղաքներում իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառել, իսկ Բեռլինում ակցիաների մասնակիցները շշեր և ճայթուկներ են նետել։

Բողոքի ցույցերը կազմակերպել էր Gen Z regelt («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում») շարժումը։ Խաղաղ ակցիաներ են անցկացվել ավելի քան 30 քաղաքներում՝ համախմբելով տասնյակ հազարավոր երիտասարդների։ Մասնակիցները պահանջել են ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ և ուժեղացնել պայքարը գլոբալ տաքացման դեմ։

Վերջին շաբաթներին Ֆրանսիայում նմանատիպ երիտասարդական բողոքի ցույցերը նույնպես ուղեկցվել են լուրջ անկարգություններով։