ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար, եթե ԱՄՆ Սահմանադրությունը դա թույլ տար։ New York Post թերթի Pod Force One փոդքասթին տված հարցազրույցում նա ընդունել է, որ 22-րդ փոփոխությամբ սահմանված սահմանափակումները բավական խիստ են ձևակերպված։ Զրույցից հատվածներ է ցուցադրել Fox News հեռուստաալիքը։
«Ես կցանկանայի կրկին առաջադրվել, բայց ձևակերպումները շատ խիստ են», — ասել է Թրամփը՝ պատասխանելով կրկին առաջադրվելու հնարավորության մասին հարցին։
ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունն արգելում է նույն անձին ավելի քան երկու անգամ նախագահ ընտրել։ Թրամփն արդեն բազմիցս խոսել է երրորդ ժամկետի հնարավորության մասին՝ միաժամանակ ընդունելով սահմանադրական սահմանափակումների գոյությունը։ Հոկտեմբերին նա կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, իրավունք ունի առաջադրվելու՝ պնդելով, թե հաղթել է 2020 թվականի ընտրություններում, որոնցում պարտվել էր Ջո Բայդենին։
Միևնույն ժամանակ, սահմանափակումը վերացնելու նպատակով Սահմանադրության փոփոխությունը բարդ ընթացակարգ կպահանջեր. փոփոխությանը պետք է աջակցի Կոնգրեսի երկու պալատներից յուրաքանչյուրի երկու երրորդը, այնուհետև այն պետք է վավերացվի նահանգների երեք քառորդի կողմից։





























