Պատերազմի վերսկսման դեպքում Իրանը նոր ժամանակակից զենքի կիրառմամբ ջախջախիչ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, հաղորդում է Mehr-ը։

Ըստ նրա, Թեհրանը շարունակում է պատրաստ լինել դիվանագիտական կարգավորմանը, եթե կատարվեն իրանական կողմի առաջադրած յոթ պայմանները։ Սակայն երկրի վրա ցանկացած հարձակում կարժանանա կոշտ պատասխանի։

«Եթե մեր երկրի դեմ որևէ գործողություն ձեռնարկվի, մենք նոր զենքի կիրառմամբ ջախջախիչ հարվածներ կհասցնենք ագրեսորին», — հայտարարել է Ռեզային՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ զինված ուժերին տված հրահանգը։

Ավելի վաղ Խամենեին բարձրագույն զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր մարտական պատրաստականությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ առավելագույն զսպում ապահովելու համար։ Նա հրահանգել էր անհապաղ և արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրա բնույթից ու մակարդակից՝ չսահմանափակվելով որոշակի աշխարհագրական գոտով։

Բացի այդ, գերագույն առաջնորդը հանձնարարել է թարմացնել ռազմական թիրախների տվյալների բազան՝ դրանում ներառելով ԱՄՆ-ի և Իսրայելի բոլոր նյութական և ոչ նյութական ակտիվները, որոնք, իրանական կողմի հայտարարությունների համաձայն, կարող են դառնալ Իրանի զինված ուժերի գործողությունների թիրախներ։