Գերմանիայում սկսվել են մետաղամշակման և էլեկտրատեխնիկական ոլորտների աշխատողների գործադուլները, հայտնում է dpa-ն։
Երկրի խոշորագույն արդյունաբերական արհմիության՝ IG Metall-ի անդամները պահանջում են 12 ամսվա ընթացքում աշխատավարձերը բարձրացնել 5%-ով, ինչպես նաև աշխատատեղերի և արդյունաբերական ձեռնարկությունների պահպանման երաշխիքներ տրամադրել։
Կիրակի գիշերը՝ արհմիության սահմանած ժամկետի ավարտից հետո, աշխատանքը դադարեցրել են Գերմանիայի հարավարևմտյան Անդերնախ քաղաքում գտնվող՝ թիթեղ արտադրող Thyssenkrupp Rasselstein ընկերության աշխատակիցները։ Շուրջ 300 աշխատող բողոքի ակցիայի է հավաքվել ձեռնարկության դարպասների մոտ։ Նմանատիպ գործադուլ է գիշերը սկսվել նաև Մյունխենում՝ բջջային կապի սարքավորումներ մատակարարող RF 360 Europe/Qualcomm ընկերության գործարանում։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ բողոքի ակցիաները կտարածվեն ամբողջ երկրի այլ ձեռնարկությունների վրա։ IG Metall-ը ներկայացնում է մոտ 3,7 մլն աշխատողների, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության աշխատակիցների շահերը և մտադիր է կոլեկտիվ բանակցությունների ընթացքում ուժեղացնել ճնշումը գործատուների վրա։
Բանակցությունների երկրորդ փուլում գործատուներն առաջարկել են հաջորդ տարի աշխատակիցներին միանվագ գումար վճարել, իսկ այնուհետև՝ 2028 թվականի հուլիսին, աշխատավարձերը փուլային կարգով բարձրացնել 1,3%-ով։ Արհմիությունն այս առաջարկն անբավարար է համարել, քանի որ այն չի փոխհատուցում գնաճը։ Գործատուներն իրենց դիրքորոշումը բացատրել են տնտեսական բարդ իրավիճակով և գերմանական արդյունաբերության բարձր ծախսերով։
IG Metall-ի ղեկավար Քրիստիանե Բենները հայտարարել է, որ գործատուների, այսպես կոչված, առաջարկն աշխատողների շրջանում միայն «տարակուսանք և զայրույթ» է առաջացրել։ Ըստ նրա, արհմիությունը ձգտում է պաշտպանել աշխատակիցների գնողունակությունը և ապահովել նրանց մասնագիտական ապագան Գերմանիայում։
«Thyssenkrupp Rasselstein-ում գիշերային գործադուլը աշխատանքային բողոքի լայնածավալ ալիքի միայն սկիզբն է», — հայտարարել է IG Metall-ի տարածաշրջանային ղեկավար Յորգ Քյոլինգերը՝ ելույթ ունենալով Անդերնախում գործադուլավորների առջև։





























