Ուլտրաօրթոդոքս հրեաները Թել հա Շոմերում ՑԱՀԱԼ-ի զորակոչային կետի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Իսրայելի բանակ զորակոչվելու դեմ։ Ոստիկանության տվյալներով, չարտոնված ակցիայի պատճառով այդ շրջանում մի քանի ճանապարհ է փակվել, հայտնում է The Times of Israel-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, չնայած երկխոսություն հաստատելու իրավապահ մարմինների փորձին՝ ցուցարարները ոստիկաններին անվանել են «նացիստներ» և «ահաբեկիչներ»։

Ոստիկանության հայտարարության համաձայն, ցուցարարները փորձել են վախեցնել իրենց համայնքի այն ներկայացուցիչներին, որոնք ժամանել էին Թել հա Շոմերում ՑԱՀԱԼ-ի զորակոչային կետ։

12-րդ հեռուստաալիքի տեղեկություններով, այդ օրը սպասվում է հարեդիմ անվամբ հայտնի ուլտրաօրթոդոքս համայնքի շուրջ 230 տղամարդու զորակոչը ՑԱՀԱԼ։

Ուլտրաօրթոդոքս համայնքի՝ հարեդիմների ներկայացուցիչների զորակոչի հարցը շարունակում է մնալ Իսրայելում քաղաքական և հասարակական լարվածության գլխավոր աղբյուրներից մեկը։ 2024 թվականին Արդարադատության բարձրագույն դատարանը որոշել է, որ կրոնական ուսումնական հաստատությունների բոլոր սովորողներին զինվորական ծառայությունից ազատելու համար իրավական հիմքեր չկան։ Այդ ժամանակվանից դատարանը բազմիցս կառավարությունից պահանջել է ապահովել նրանց զորակոչը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է մի քանի ռազմաճակատներում ամիսներ շարունակ ընթացող մարտական գործողությունների պայմաններում անձնակազմի սուր պակասի մասին։ Դժգոհությունն աճում է նաև պարտադիր և պահեստազորային ծառայություն անցնող իսրայելցիների շրջանում. վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ պահեստազորայիններ հարյուրավոր օրեր են անցկացրել բանակում։

Հարեդիմներին զորակոչից ազատելու շուրջ վեճերը լուրջ փորձություն են դարձել Իսրայելի կառավարության համար, քանի որ առնչվում են թե՛ բանակի կարիքներին, թե՛ հասարակության ներսում առկա վաղեմի կրոնական ու քաղաքական տարաձայնություններին։