ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո, հայտնում է Life.ru-ն։
Ռուսաստանի հատուկ ծառայության տվյալներով, սպառնալիքի մասին տեղեկության աղբյուրը TikTok-ում հենց անչափահասի հրապարակած տեսանյութն է եղել։
ԱԴԾ-ում պարզաբանել են, որ հենց այդ հրապարակումն է հիմք դարձել իբր նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկությունների ի հայտ գալու համար։ Միաժամանակ գերատեսչությունը չի հայտնել դեռահասի տարիքը, տեսանյութի ստեղծման հանգամանքները և նրա դատավարական կարգավիճակը։ Չի հաղորդվում նաև՝ արդյոք նրան մեղադրանք է առաջադրվել։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում զանգվածային զոհերով միջադեպի հավաստի սպառնալիքի մասին։ Ավելի ուշ ԱԴԾ-ն հաստատել էր, որ ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել գործընկերային կապուղիներով։




























