Շվեյցարիայի Ցյուրիխ և Բազել քաղաքներում շաբաթ լույս կիրակի գիշերը երիտասարդների բողոքի ցույցերի ընթացքում անկարգություններ են տեղի ունեցել։ Ակցիաների մասնակիցները հանդես էին գալիս «Բավակա՛ն է՝ Շվեյցարիայո՛ւմ նույնպես» կարգախոսով, որն արձագանքում էր Ֆրանսիայում անցկացվող ակցիաներին, հայտնում է Swiss Info-ն։
Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, հայտնել է Keystone-SDA գործակալությունը։
Ցյուրիխում տեղական ժամանակով ժամը 22:30-ի սահմաններում մի քանի հարյուր մարդ հավաքվել է Լանգշտրասե փողոցում։ Մասնակիցներից ոմանք Հելոուինի դիմակներով էին։ Հելվեցիա հրապարակ տանող ճանապարհին նրանք հրավառություն են արել և ազդանշանային հրթիռներ արձակել։ Հրապարակում ցուցարարները վնասել են կանգառը և հրկիզել աղբամաններից, հեծանիվներից ու այլ առարկաներից կառուցված բարիկադը։ Ավելի ուշ տարբեր թաղամասերում այրվել են աղբամաններ և մեկ ավտոմեքենա, վնասվել են խանութների ցուցափեղկեր։
Քաղաքային ոստիկանության տվյալներով, ցուցարարներն իրավապահների ուղղությամբ հրավառության միջոցներ, շշեր և քարեր են նետել։ Բախումները շարունակվել են մոտավորապես մինչև ժամը 01:30-ը։ Մեկ այլ միջադեպի ժամանակ ամբոխը հարձակվել է տուժած դեռահասի մոտ կանչով ժամանած ոստիկանական պարեկախմբի վրա։ Ավտոմեքենան վնասվել է, իսկ ոստիկանները ստիպված են եղել նահանջել՝ առանց նրան օգնություն ցուցաբերելու։
Բազելում մոտ 150 մարդ քաղաքի կենտրոնում հավաքվել է ժամը 21:00-ի սահմաններում։ Ելույթներից հետո մասնակիցներն անցել են Միտլերե-Ռայնբրյուքե կամրջով և շարժվել դեպի Սանկտ Յոհան թաղամաս, որտեղ նրանցից ոմանք հրկիզել են աղբամաններից և մետաղական ցանկապատերից կառուցված բարիկադները։ Ոստիկանությունը միջամտել է՝ անկարգությունները կասեցնելու համար։
Երկու ակցիաների մասնակիցներն էլ զուգահեռներ են անցկացրել Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում երիտասարդների բողոքի ակցիաների հետ։




























