Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը 2026 թվականի սկզբից նվազել է ավելի քան 28 մլրդ դոլարով։ Այս մասին են վկայում Bloomberg գործակալության հրապարակած՝ Bloomberg Billionaires Index-ի հոկտեմբերի արդյունքներն ամփոփող տվյալները։
Վարկանիշում ընդգրկված ռուսաստանցիներից ամենամեծ կորուստները կրել է «Նորնիկելի» նախագահ Վլադիմիր Պոտանինը․ նրա կարողությունը նվազել է 8,1 մլրդ դոլարով՝ հասնելով 21,6 մլրդ դոլարի։
Կորուստների ծավալով երկրորդ տեղում է «Օնեքսիմ» ներդրումային խմբի հիմնադիր Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունը նվազել է 4,86 մլրդ դոլարով՝ հասնելով 10,8 մլրդ դոլարի։ Երրորդ տեղում Միխայիլ Ֆրիդմանն է․ նրա կապիտալը նվազել է 3,8 մլրդ դոլարով՝ հասնելով 10,4 մլրդ դոլարի։
Կարողության նվազում արձանագրած մյուս գործարարների թվում են ՍՈՒԷԿ-ի (Սիբիրյան ածխային էներգետիկ ընկերություն — խմբ․) հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն, որը կորցրել է 2,8 մլրդ դոլար, և Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը, որի կարողությունը նվազել է 2,61 մլրդ դոլարով։
Bloomberg Billionaires Index-ն ընդգրկում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։ Գնահատականները հիմնված են առաջին հերթին այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմասեր ունեն։ Որոշ ակտիվների դեպքում օգտագործվում են նաև բիզնեսի ֆինանսական ցուցանիշները։




























