Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ Էլ Նինյո կլիմայական երևույթի հետ կապված ծայրահեղ եղանակային երևույթների սպառնալիքի պատճառով։ Իշխանությունները պատրաստվում են ուժեղ երաշտի, ջրհեղեղների և սողանքների, ինչպես նաև լրացուցիչ ուժեր են մոբիլիզացնում բնական աղետների հետևանքները վերացնելու համար, հայտնում է AFP-ն։

«Այս երևույթը շատ լուրջ հետևանքներ կունենա երաշտի և ջրհեղեղների առումով, և մեզ անհրաժեշտ է բոլոր կառույցների համագործակցությունը», — հայտարարել է Պասը։

Երկրի նախագահի հրամանագիրը նախատեսում է լրացուցիչ փրկարարական ստորաբաժանումների ներգրավում և կենտրոնական ու տարածաշրջանային իշխանությունների, զինված ուժերի և ոստիկանության գործողությունների համակարգում։

Կառավարության զեկույցի համաձայն, երաշտն արդեն ազդել է Բոլիվիայի ինը դեպարտամենտներից յոթում բնակվող առնվազն 78 հազար ընտանիքի վրա։ Գյուղատնտեսության կրած կորուստները ներառում են ավելի քան 75 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անձրևների սեզոնի մեկնարկին իշխանությունները նաև զգուշացնում են ջրհեղեղների, հանկարծակի հեղեղումների և սողանքների վտանգի մասին։

Էլ Նինյոն կլիմայական երևույթ է, որը կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանի պարբերական բարձրացման հետ։ Այն խախտում է եղանակային գլոբալ օրինաչափությունները՝ որոշ տարածաշրջաններում առաջացնելով երաշտ, իսկ մյուսներում՝ չափազանց առատ տեղումներ։

Deutsche Welle-ի տվյալներով, Էլ Նինյոյի ներկայիս դրսևորումը ձևավորվել է հունիսին և արագ ուժգնացել։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ այն կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենահզորներից մեկը։ Սպասվում է, որ երևույթն իր գագաթնակետին կհասնի դեկտեմբերին, սակայն դրա հետևանքները կարող են պահպանվել մի քանի տարի։

Էլ Նինյոյի հետ կապված եղանակային պայմանների փոփոխությունների հետ են արդեն կապում Ինդոնեզիայում անտառային հրդեհները, Թայվանի մերձակայքում «Չամպի» թայֆունի ուժգնացումը, Մեքսիկական ծոցի շրջանում «Իսայաս» փոթորիկը և թույլ մուսոնից հետո Հնդկաստանում ջրի ու էլեկտրաէներգիայի պակասը։

Հետազոտողների գնահատմամբ, ներկայիս Էլ Նինյոյի հետ կապված անոմալ շոգը 2026 թվականի հունիսից մինչև 2027 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում աշխարհում կարող է հանգեցնել մոտ 451 հազար լրացուցիչ մահվան։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ ներկայիս կլիմայական երևույթի մասշտաբները կարող են բացառիկ լինել, և երկրներին կոչ է արել նախապես պատրաստվել դրա հետևանքներին։