Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել իշխանափոխության շրջանում ուժեղացնել անդրսահմանային ֆինանսական գործառնությունների և երկրից կապիտալի հնարավոր արտահոսքի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին ասվում է «Ուսանողական ցուցակ» շարժման՝ շաբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ։

Bloomberg գործակալության տեղեկություններով, ակտիվիստները դիմել են երկրում գործող սերբական և միջազգային բանկերին, ինչպես նաև միջազգային բանկային խմբերի գլխամասային գրասենյակներին։

Նրանք կոչ են արել հատուկ ուշադրություն դարձնել պետական միջոցների, պետական ձեռնարկությունների և պետական հիմնարկների հետ կապված միջազգային վճարումներին։ Շարժման կարծիքով, նման գործառնությունները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ փաստաթղթերով և վճարումների օրինականության հաստատմամբ։

Ուսանողներն ընդգծել են, որ իրենց դիմումը միտված չէ օրինական ձեռնարկատիրական գործունեության սահմանափակմանը կամ բանկերի անկախությանը միջամտելուն։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, դրա նպատակն է անցումային շրջանում ապահովել թափանցիկություն և ֆինանսական կայունություն։

Կոչը հնչել է հոկտեմբերի 25-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ուսանողական ցուցակի» հաղթանակից հետո։ Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ շարժումը 250-տեղանոց խորհրդարանում ստացել է շուրջ 140 տեղ, իսկ Ալեքսանդր Վուչիչի իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունը՝ 104։ Նոր խորհրդարանի և կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է ընտրական գործընթացի պաշտոնական ավարտը։

Ավելի վաղ շարժման ներկայացուցիչները նաև զգուշացրել էին կապիտալի ապօրինի արտահոսքի վտանգի մասին և պետական ծառայողներին կոչ արել պահպանել այն փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ նախկին իշխանությունների հնարավոր խախտումների քննության համար։