ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո նստավայրի մոտ երկու Avenger զենիթահրթիռային համալիր և անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու տվիչներ են տեղակայել։ Պաշտպանության ուժեղացումը կապված է ամերիկացի առաջնորդին ուղղված սպառնալիքների բարձր մակարդակի հետ, հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Palm Beach Daily News-ի հրապարակած լուսանկարներին։

Avenger համալիրները տեղադրել են Փալմ Բիչում՝ նստավայրից ոչ հեռու գտնվող լողացող բեռնահարթակի վրա։ Humvee ավտոմեքենաների հենքի վրա ստեղծված այս շարժական համակարգերը հագեցած են փոքր հեռահարության հրթիռներով և նախատեսված են օդային թիրախների, այդ թվում՝ ցածր թռչող ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի որոշ տեսակների խոցման համար։ Նմանատիպ կայանքներ օգոստոսին նկատվել էին Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում գտնվող՝ Թրամփի գոլֆի դաշտում։

ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչը The Telegraph-ին հայտնել է, որ գերատեսչությունն աշխատում է սպառնալիքների բարձր մակարդակի պայմաններում և մշտապես կատարելագործում է իր պահպանության տակ գտնվող անձանց պաշտպանության միջոցները՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ։

Ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինն ավելի վաղ Մար-ա-Լագոյին ուղղված օդային սպառնալիքն անվանել էր «մշտական և զգալի»։ Նստավայրի վրայով թռիչքների մշտական սահմանափակման հասնելու նպատակով ներկայացված դատական փաստաթղթերում նա ընդգծել էր, որ ռիսկերը պետք է նվազեցնել՝ անկախ նրանից՝ նախագահը գտնվում է կալվածքի տարածքում, թե ոչ։

Գաղտնի ծառայության տվյալներով, իր պահպանության տակ գտնվող անձանց ուղղված սպառնալիքների թիվը 2026 թվականի սկզբին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով։ Ինչպես նշում է The Telegraph-ը, անվտանգության միջոցների ուժեղացման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը։ Բացի այդ, վերջին տարիներին Թրամփը բազմիցս մահափորձերի թիրախ է դարձել։

Նախագահի այցերի ընթացքում Մար-ա-Լագոյի շրջակայքի օդային տարածքում արդեն իսկ սահմանափակումներ են գործում։ Այժմ Գաղտնի ծառայությունը ձգտում է մշտական սահմանափակումների ներդրմանը՝ վկայակոչելով անբարենպաստ իրադրության և ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին հետախուզական տվյալները։