Ամերիկյան լեգենդար SS United States ուղևորատար նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար։

CBS News-ի տվյալներով, գործողությունը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 12-ին Մեքսիկական ծոցում՝ Դեստին քաղաքից մոտ 41 կմ հարավարևմուտք։ Ամսաթիվը կարող է փոխվել եղանակային պայմանների պատճառով։

Նավի երկարությունը մոտ 300 մ է։ 1952 թվականին՝ Ատլանտյան օվկիանոսով իր առաջին ուղևորության ժամանակ, SS United States-ը սահմանել է Ատլանտյան օվկիանոսը հատելու արագության ռեկորդ, որը մինչև օրս չի գերազանցվել։ Նավը փոխադրել է նախագահների, հայտնի և անվանի ուղևորների։

Տասնամյակներ շարունակ նավակայանում մնալուց և նավը պահպանելու մի քանի անհաջող փորձերից հետո այն 2024 թվականին այն ձեռք է բերել Ֆլորիդայի Օկալուսա շրջանը։ 2025 թվականի մարտից նավը գտնվում էր Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում, որտեղ այն նախապատրաստում էին խորտակմանը. նախքան այդ անհրաժեշտ էր հեռացնել շրջակա միջավայրին վնաս հասցնելու ունակ նյութերը։

Ծովի հատակին նավը պետք է դառնա ձկների և այլ ծովային օրգանիզմների բնակավայր, ինչպես նաև գրավի սուզորդներին։ Իշխանություններն ակնկալում են, որ նոր օբյեկտը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և եկամուտ կբերի տեղական բիզնեսին։

Նավի որոշ տարրեր, այդ թվում՝ ծխնելույզները, կպահպանվեն SS United States-ի պատմությանը նվիրված ապագա թանգարանի համար։