ԱՄՆ Կոնգրեսի վերահսկողության համար պայքարում դեմոկրատները միջանկյալ ընտրությունների նախաշեմին յոթ տոկոսային կետով առաջ են հանրապետականներից։ Միաժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանություն չտվողների մասնաբաժինը հասել է ռեկորդային 60%-ի, իսկ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է երկրի քաղաքական կուրսի փոփոխությանը։ Այս մասին վկայում է հոկտեմբերի 28-ից 30-ն անցկացված NBC News-ի հարցումը։
Գրանցված ընտրողների 52%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները, իսկ 45%-ն աջակցում է հանրապետականներին։ Անկախ ընտրողների շրջանում դեմոկրատների առավելությունը կազմում է 21 կետ։
Տնտեսական իրավիճակից դժգոհությունը կարող է դառնալ ընտրությունների գլխավոր գործոններից մեկը։ Հարցվածների մոտ երեք քառորդը գոհ չէ տնտեսության վիճակից, իսկ 51%-ը հայտարարել է, որ դժգոհ է սեփական ֆինանսական դրությունից։ NBC News-ի հարցումների 30 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ սեփական նյութական վիճակից դժգոհների մասնաբաժինը գերազանցել է գոհերի մասնաբաժինը։
Տասը հարցվածից յոթը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Միաժամանակ 64%-ը նշել է, որ Թրամփը չի արդարացրել իր սպասելիքները․ այդպես է կարծում նաև նրա օգտին քվեարկած ընտրողների մոտ մեկ երրորդը։ Նախագահի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 40%-ը։
Սակայն դեմոկրատների առավելությունը չի նշանակում, որ նրանց ժողովրդականությունն աճել է։ Դեմոկրատական կուսակցության նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվածների 29%-ը, իսկ Հանրապետական կուսակցության նկատմամբ՝ 38%-ը։ Բացի այդ, հանրապետականները պահպանում են իրենց դիրքերն այն ընտրատարածքներում և նահանգներում, որտեղ Թրամփը հաղթել է 2024 թվականի ընտրություններում։
Հարցումը նաև ցույց է տվել ամերիկացիների մեծ հետաքրքրությունն առաջիկա քվեարկության նկատմամբ․ 70%-ը ընտրությունների հանդեպ իր հետաքրքրությունը տասը բալանոց սանդղակով գնահատել է ինը կամ տասը բալ։ Ամենամեծ հետաքրքրությունն ունեցող ընտրողների շրջանում դեմոկրատները հանրապետականներից առաջ են 12 կետով։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կընտրվեն Կոնգրեսի երկու պալատների անդամներ, իսկ արդյունքները կորոշեն, թե որ կուսակցությունը կվերահսկի օրենսդիր իշխանությունը Թրամփի նախագահական ժամկետի մնացած հատվածում։





























