Նորվեգիայի թագավորական ընտանիքը հայտնել է, որ թագավոր Հարալդ V-ի առողջական վիճակը «ծայրահեղ ծանր» է։ Այդ մասին հայտնել է BBC News-ը։
89-ամյա միապետն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գտնվում է Օսլոյի համալսարանական հիվանդանոցում, որտեղ բուժում է ստանում արյան հազվադեպ հանդիպող հիվանդության՝ հեմոլիտիկ անեմիայի դեմ: Վիճակի վատթարացման ֆոնին Սոնյա թագուհին և գահաժառանգ իշխան Հոկոնը չեղարկել են բոլոր պլանավորված միջոցառումներն ու շտապել հիվանդանոց: Թագավորի անկողնու մոտ են հավաքվել նաև արքայական ընտանիքի մյուս անդամները:
Հարալդ V-ը կորտիզոնով բուժում է ստանում, սակայն վերջին տարիներին նրա առողջական վիճակը պարբերաբար մտահոգությունների տեղիք է տալիս: 2024 թվականին, Մալայզիայում հանգստի ժամանակ հիվանդանալուց հետո, նրան կարդիոստիմուլյատոր էին տեղադրել: Հարալդը 1991 թվականից սկսած գլխավորում է Նորվեգիայի գահը և Եվրոպայի ամենատարեց գործող պետության ղեկավարն է:
Քանի դեռ թագավորը գտնվում է անաշխատունակության մեջ, խնամակալի պարտականությունները կատարում է նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը:
Նորվեգական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հինգշաբթի առավոտյան Օսլոյի համալսարանական հիվանդանոց են այցելել նաև գահաժառանգի կինը՝ Մետտե-Մարիտը, նրա որդին՝ Մարիուս Բորգ Հյոյբին, ինչպես նաև թագավորի քույրը՝ արքայադուստր Աստրիդը:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն չեղարկել է Գերմանիա նախատեսված այցը, որտեղ պետք է հանդիպեր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: «Ողջ ազգը մեզ հետ միասին ջերմ խոհեր է հղում թագավորին և ողջ արքայական ընտանիքին», — հայտարարել է կառավարության ղեկավարը:
Օսլոյի բնակիչները ևս սկսել են ծաղիկներ բերել արքայական պալատի մոտ:
Հեմոլիտիկ անեմիան հանգեցնում է էրիթրոցիտների քանակի նվազմանը և կարող է ուժեղ հոգնածություն ու շնչարգելություն առաջացնել:
Նորվեգիայի արքայական ընտանիքի համար սա բարդ տարի է: Հունիսին Մետտե-Մարիտը թոքերի փոխպատվաստման ր ենթարկվել թոքային ֆիբրոզի հազվադեպ ձևի պատճառով, որը նրա մոտ ախտորոշվել էր դեռևս 2018 թվականին:





























