2025 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային 3795-ի՝ մեկ տարում ավելանալով 8,2%-ով: Սա վերջին հինգ տարիների աճի ամենաբարձր ցուցանիշն է: Altrata ընկերության «Billionaire Census» հետազոտության համաձայն՝ վերջին մեկ տասնամյակում այս խմբի թվաքանակն աճել է գրեթե 60%-ով:

Միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 12,8%-ով՝ հասնելով ռեկորդային 15,1 տրիլիոն դոլարի: Սա կազմում է S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մոտ մեկ քառորդը:

Հարստության աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձել է արհեստական բանականության ոլորտում ներդրումների բումը: Ամբողջ աշխարհում 150 խոշորագույն հանրային ընկերություններից (որոնք ամենամեծ ավանդն են ունեցել միլիարդատերերի կարողության աճի մեջ) ԱԲ ոլորտում ակտիվորեն ներդրումներ անողները 2024–2025 թվականներին գրանցել են կապիտալիզացիայի աճ, որը միջինում 23%-ով գերազանցել է այս ոլորտում զգալի ներդրումներ չունեցող ընկերությունների ցուցանիշը:

Ընդ որում, ամենախոշոր միլիարդատերերի հարստությունը կենտրոնանում է գնալով ավելի նեղ խմբի ձեռքում: 2025 թվականին աշխարհի 29 ամենահարուստ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում էր 50 միլիարդ դոլարը, համատեղ տիրապետում էին 4,1 տրիլիոն դոլարի, ինչը կազմում է միլիարդատերերի ողջ հարստության 27%-ը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին ավելի քան 50 միլիարդ դոլար ունեցող 10 անձանց բաժին էր ընկնում ընդհանուր կարողության ընդամենը 7,2%-ը:

Հյուսիսային Ամերիկան պահպանել է միլիարդատերերի բնակության հիմնական տարածաշրջանի կարգավիճակը: 2025 թվականին նրանց թիվն այստեղ աճել է 11,6%-ով՝ հասնելով 1337-ի, ինչը կազմում է համաշխարհային ցուցանիշի 35%-ը: Եվրոպայում միլիարդատերերի թիվն ավելացել է գրեթե 8%-ով (1081 մարդ), իսկ Ասիայում՝ 6,5%-ով (881 մարդ):

ԱՄՆ-ն շարունակում է մնալ ամենաշատ միլիարդատերեր ունեցող երկիրը. մեկ տարում նրանց թիվն աճել է 11,5%-ով՝ հասնելով 1265-ի: Չինաստանում միլիարդատերերի թիվն ավելացել է 13%-ով, սակայն նրանց քանակը նախկինի պես ավելի քան երեք անգամ զիջում է ԱՄՆ-ի ցուցանիշին:

Գերմանիայում, որը եվրոպական խոշորագույն կապիտալի շուկան է, առաջատար 15 երկրների շարքում միլիարդատերերի թվի աճն ամենաարագն է եղել՝ 20%:

Միլիարդատերերի միջին տարիքը 71 է, իսկ կանայք կազմում են այս խմբի ընդամենը 13%-ը: Միլիարդատերերի մոտ 20%-ը ծնվել է իրենց ներկայիս բնակության երկրի սահմաններից դուրս: Լոնդոնում օտարերկրյա ծագում ունեցող միլիարդատերերի մասնաբաժինը հասնում է գրեթե 60%-ի, Սան Ֆրանցիսկոյում՝ 41%-ի, իսկ Նյու Յորքում՝ 19%-ի:

Միլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունն ստեղծել է սեփական ուժերով, և միայն 8%-ն է այն ամբողջությամբ ժառանգել: Նրանց համար խոշորագույն ոլորտ են մնում բանկային գործն ու ֆինանսները:

Միլիարդատերերի մոտ 15%-ն ունի մասնավոր ինքնաթիռ, իսկ շքեղ զբոսանավ ունեցողների թիվը գրեթե երեք անգամ քիչ է: Ամենասիրված հոբբիների թվում են սպորտն ու բարեգործությունը: Ընդ որում, 201 միլիարդատեր (ընդհանուր թվի 5%-ից քիչ ավելին) ուղղակիորեն տիրապետում են որևէ մարզական թիմի կամ ֆրանշիզայի բաժնեմասի:

Առաջիկա տասնամյակում սպասվում է ժառանգության խոշորամասշտաբ փոխանցում: Միլիարդատերերի մոտ 5 հազար ամուսիններ և չափահաս զավակներ կարող են ստանալ 6,6 տրիլիոն դոլարի զգալի մասը, որն, ըստ կանխատեսումների, անցնելու է ժառանգներին:

Պոտենցիալ ժառանգների թվում են ավելի քան 1235 անձինք: Կարողությունը ժառանգելու ենթակա չափահաս զավակների միջին տարիքը 48 է, իսկ ամուսիններինը՝ 66: Ընդ որում, ապագա ժառանգորդ-զավակների 23%-ն արդեն իսկ աշխատում է ծնողների հետ: