Մեդուզաների զանգվածային կուտակումը հանգեցրել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմային էլեկտրակայանի աշխատանքի մասնակի դադարեցմանը, հայտնում է BBC News։

Ինչպես հայտնել է ֆրանսիական «EDF» էներգետիկ ընկերությունը, կայանի վեց էներգաբլոկներից երկուսը անջատվել են չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, քանի որ մեծ քանակությամբ մեդուզաներ են հայտնվել ռեակտորների հովացման համար օգտագործվող ծովաջրի ֆիլտրման համակարգում:

Եվս մեկ էներգաբլոկ էլ նույն պատճառով չի աշխատում օգոստոսի 10-ից, իսկ չորրորդը կանգնեցվել է ստուգումներ իրականացնելու նպատակով: Այսպիսով, ներկայումս անջատված են երրորդ, չորրորդ և վեցերորդ էներգաբլոկները: Առաջինն ու երկրորդն աշխատում են ցածր հզորությամբ՝ որպես նախազգուշական միջոց:

Ընդ որում, օգոստոսի 18-ին երրորդ էներգաբլոկը միացվել է էներգահամակարգին (ամսվա սկզբին մեդուզաների նախորդ կուտակումից հետո):

Օ-դը-Ֆրանս շրջանում՝ Դյունկերկի և Կալեի միջև գտնվող «Գրավլին» ԱԷԿ-ը խոշորագույններից մեկն է Ֆրանսիայում: Նրա վեց էներգաբլոկներից յուրաքանչյուրն ունակ է արտադրել 900 ՄՎտ էլեկտրաէներգիա: Հովացման համար կայանն օգտագործում է Հյուսիսային ծովին միացված ջրանցքի ջուրը:

«Գրավլինում» նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել նաև անցյալ տարվա օգոստոսին: Մեդուզաները այլ ատոմակայանների աշխատանքի խափանման պատճառ են դարձել նաև նախկինում․ 2011 թվականին՝ Շոտլանդիայի «Թորնես», իսկ 2013 թվականին՝ Շվեդիայի «Օսկարսհամն» ԱԷԿ-ներում: Այնուամենայնիվ, նման դեպքերը հազվադեպ են հանդիպում:

Փորձագետները նշում են, որ մեդուզաներն առավել ակտիվ են տարվա տաք եղանակին. ջրի ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է մակերևույթին պլանկտոնի քանակի ավելացմանը, ինչն էլ մեդուզաներին ձգում է դեպի ափամերձ գոտի:

Հովացման համակարգերում մեդուզաների հայտնվելը կանխելու համար ֆրանսիացի մասնագետները, մասնավորապես, համագործակցում են ձկնորսների հետ, որոնք որսում են դրանք և բաց թողնում ափից ավելի հեռու: