Սիրիայում քրդական Կանանց պաշտպանության ջոկատները (YPJ) երկրի ՆԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել են իրենց մարտիկներին պետական ուժերի կազմում ինտեգրելու հարցը։ Այս մասին ասված է YPJ-ի հայտարարության մեջ, փոխանցում է AFP-ն:

Կազմակերպությունից հայտնել են, որ չորեքշաբթի օրը Սիրիայի ՆԳՆ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կողմերը նկարագրել են YPJ-ն՝ «որպես հատուկ և կազմակերպված ուժ» և նշել այն նախարարության կառուցվածքում ընդգրկելու հնարավորությունը:

Բանակցությունները կշարունակվեն՝ ինտեգրման գործընթացն ավարտին հասցնելու համար, ինչը նախատեսված է Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի միջև հունվարին կնքված համաձայնագրով:

Քրդական ռազմական աղբյուրը անանունության պայմանով «AFP»-ին հայտնել է, որ ակնկալվում է YPJ-ի շուրջ 1.5 հազար կին մարտիկների ընդգրկումը Սիրիայի ՆԳՆ-ին առընթեր ստորաբաժանման կազմում:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Աբդին հայտարարել է ՍԴՈւ-ի ինքնուրույն ռազմական գործունեության դադարեցման և նրա ուժերը սիրիական բանակի կազմում ինտեգրելու մասին: ՍԴՈւ-ն, որի կազմում ընդգրկված էր նաև YPJ-ն, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ առանցքային դեր է խաղացել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Քուրդ կին զինծառայողները եղել են ԻՊ-ի դեմ պայքարի առաջնագծում, մասնավորապես՝ 2016 թվականին Ռակկայի ազատագրման գործողության ընթացքում: Հետագայում նրանք նաև վարչական և պահպանության գործառույթներ են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ալ-Հոլ» և «Ռոժ» ճամբարներում, որտեղ պահվում են ծայրահեղականներին անդամակցելու մեջ կասկածվողների հարազատները, այդ թվում՝ հազարավոր օտարերկրացիներ:

Ընդ որում, սիրիական բանակում կանայք ներկայումս չեն ծառայում: Ըստ գնահատականների՝ հակամարտության գագաթնակետին կանայք կազմել են քրդական ուժերի մոտ մեկ երրորդը: «Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) վերլուծաբան Նանար Հավաչի գնահատմամբ՝ քուրդ մարտիկների ընդհանուր թիվը կազմում է 20-30 հազար մարդ:

Քրդական զորամիավորումների ինտեգրումը պետական կառույցներին Սիրիայի ողջ տարածքում կենտրոնական իշխանության վերահսկողությունը վերականգնելու Ահմեդ աշ-Շարաայի քաղաքականության մասն է: