Դաշնային նոր տվյալները վկայում են, որ հուլիսին ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցներն օրական միջինում բերման են ենթարկել քրեական դատվածություն կամ մեղադրանքներ չունեցող ավելի քան 800 մարդու, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է CBS News-ը։

Հուլիսին ICE-ն օրական միջինում ձերբակալել է ավելի քան 1.58 հազար մարդու․ սա նույնպես առավելագույն ցուցանիշն է Դոնալդ Թրամփի նախագահական երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր: Առաջին անգամ ձերբակալվածների ավելի քան կեսը կազմել են անձինք, ում նկատմամբ առկա են եղել միայն ներգաղթային օրենսդրության քաղաքացիական խախտումներ։

Ձերբակալությունների թվի աճը տեղի է ունեցել Սպիտակ տան ճնշման ֆոնին, որը պահանջում է օրական կալանավորումների քանակը հասցնել 2 հազարի: Վերահսկողության ակտիվացումը հաջորդել է գարնանային անկմանը, երբ գերատեսչությունը բախվել էր հանրային քննադատությանը (մասնավորապես Մինեապոլիսում իրականացված գործողության պատճառով), ինչպես նաև ֆինանսավորման շուրջ վեճերին ու ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ղեկավարության փոփոխություններին:

Տվյալները ցույց են տալիս, որ քրեական անցյալ չունեցող անձանց ձերբակալությունները դարձել են ընթացիկ արշավի հիմնական մասը: Բռնի հանցագործությունների համար դատապարտվածները կազմում են ներկայիս վարչակազմի օրոք ICE-ի կողմից կալանավորվածների մոտ 6%-ը և հուլիսին ձերբակալվածների շուրջ 4%-ը:

Ներքին անվտանգության նախարարությունում պնդում են, որ ICE-ն հետապնդում է ԱՄՆ-ում ապօրինի գտնվող բոլոր անձանց՝ անկախ դատվածությունից: Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ «դատվածություն չունեցողների» շարքում կարող են լինել ահաբեկչության, մարդու իրավունքների խախտումների կամ հանցավոր խմբավորումների հետ կապ ունեցող անձինք:

ICE-ի տվյալները ստացվել են Բերկլիի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանների Deportation Data Project նախագծի կողմից: Դրանք տեղեկություններ չեն պարունակում ԱՄՆ սահմաններից դուրս միգրանտների հնարավոր հանցագործությունների մասին:

Զգալիորեն աճել է նաև բնակավայրերում անմիջականորեն իրականացված ձերբակալությունների թիվը: Հունիսին և հուլիսին համայնքներում իրականացվել է առնվազն 45.3 հազար ձերբակալություն, ինչը կազմում է այդ երկու ամիսների ընդհանուր թվի գրեթե կեսը: Եվս 12.7 հազար դեպք էլ գրանցվել է այն ժամանակ, երբ տեղական իրավապահները 287(g) համաձայնագրերով ներգաղթային ձերբակալություններ իրականացնելու լիազորություններ են ստացել:

Աճը վերաբերել է ինչպես «ապաստարան» քաղաքականություն որդեգրած, այնպես էլ նման քաղաքականություն չունեցող տարածքներին: Հունիսին և հուլիսին «ապաստարան» համայնքներում ձերբակալությունների քանակն աճել է 27%-ով, մինչդեռ մնացած շրջաններում աճը կազմել է 50%:

Ամենակտրուկ աճն արձանագրվել է Ֆլորիդայում և Տեխասում: Ֆլորիդայում, որտեղ տեղական իշխանությունները պարտավոր են համագործակցել ICE-ի հետ, համայնքային ձերբակալությունների քանակը հունիս-հուլիսին գրեթե չորս անգամ գերազանցել է նախորդ վեց ամիսների միջինը (Ջեքսոնվիլում՝ ամսական 15-ից հասնելով 165-ի, Մայամիում՝ 115-ից 715-ի):

Տեխասում ձերբակալությունների թիվը եռապատկվել է Էլ Պասոյում և Օստինում: Կտրուկ աճ է եղել նաև որոշ «ապաստարան» քաղաքներում․ Կալիֆոռնիայի Սան Իսիդրոյում ցուցանիշն աճել է ավելի քան վեց անգամ, իսկ Դենվերում ու Նյուարկում՝ մոտ երկու անգամ:

Խոշոր գործողությունների փոխարեն ICE-ի գործակալներն այժմ ձերբակալություններն ավելի հաճախ իրականացնում են մեքենաների կանգնեցման ժամանակ, օդանավակայաններում և ներգաղթային մարմիններ միգրանտների պարտադիր ներկայանալու ընթացքում:

Ներկայումս ICE-ն 287(g) ծրագրով համաձայնագրեր ունի ավելի քան 1.85 հազար տեղական իրավապահ մարմինների հետ: Ներքին անվտանգության նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականի սեպտեմբեր ծրագրի ընդլայնմանն ուղղել 1.15 միլիարդ դոլար: