Իրանը գտնվում է լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ, որտեղ հակառակորդն օգտագործում է բոլոր հնարավորությունները երկրի բնակչության վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հայտնում է Mehr-ը։
«Մենք կհաղթենք թշնամուն նաև այս ճակատում»,- հինգշաբթի օրը՝ Կառավարության շաբաթվա առթիվ, ընդգծել է Ղալիբաֆը:
Նրա խոսքով՝ չնայած տնտեսության վրա պատերազմի ազդեցությանը, գործադիր մարմինները քայլեր են ձեռնարկում երկրի կառավարումն ապահովելու և առկա խոցելիությունները վերացնելու ուղղությամբ:
Խորհրդարանի խոսնակը նշել է, որ ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանում միասնության, ազգային համախմբվածության և պետական այրերի նկատմամբ վստահության վերաբերյալ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պատգամները:
Ղալիբաֆը կոչ է արել կառավարությանը կենտրոնանալ բնակչության կենսամակարդակի, քաղաքացիների գնողունակության բարձրացման, երիտասարդների զբաղվածության և տնտեսական անվտանգության ապահովման վրա:
Նա նաև վստահություն է հայտնել, որ կառավարությունը, հանրության, մասնավոր հատվածի և պետական բոլոր կառույցների աջակցությամբ, ի վիճակի կլինի դիմակայել տնտեսական ճնշումներին: Ղալիբաֆի համոզմամբ՝ մոտ ապագայում Իրանը ականատես կլինի տնտեսական ոլորտում «թշնամու հոգեբանական գործողությունների» լիակատար ձախողմանը:





























