Ադրբեջանական գերության մեջ գտնվող եւ այսօր Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջոյանը գտնվում է «Իջեւանի» բժշկական կենտրոնում, հետազոտություններ է անցնել: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Մամիկոն Խոջոյանի ձեռքը կոտրել են, եւ բժիշկներինախնական եզրակացությամբ՝ հրազենային վնասվածք էլ ունի: ՊՆ մամուլի քարտուղարը նշեց նաեւ, որ գերության մեջ գտնվող Մամիկոն Խոջոյանը անալիզներ է տվել, որոնց պատասխանը վաղը հայտնի կլինի:
Իսկ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Մամիկոն Խոջոյանը դեռ 2 օր կմնա «Իջեւանի» բ/կ-ում՝ բժիշկների հսկողության ներքո: Նա դեռ չի տեսել իր համագյուղացուն, նրան են այցելել հարազատները, ում սակայն, Մամիկոն Խոջոյանը չի ճանաչել: Հարազատները գյուղապետին ասել են, որ Մամիկոն Խոջոյանի մարմնին բազմաթիվ կապտուկներ կային, երեւի նաեւ հիշողությունն է կորցրել: Կամո Չոբանյանի խոսքով՝ ադրբեջանական գերության մեջ գտնված իրենց համագյուղացին որեւէ բան չի պատմել, միայն բժիշկը հարցրել է, թե իրեն որտեղ են քնացրել, ասել է՝ բետոնին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Այսօր՝ մարտի 4-ին, Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:




























