Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Գյումրի քաղաքում  ջրամատակարարման ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր՝ մարտի 4-ին,  կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գյումրի քաղաքի որոշ փողոցներում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Խորհրդակցությանը մասնակցում էին Գյումրիի քաղաքապետը, Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի,  «Շիրակ-ջրմուղկոյուղի» ընկերության կառավարումն ստանձնած ընկերության, Գյումրիում ջրամատակարարման համակարգի վերանորոգման ծրագրի խորհրդատու եւ ծրագիրն իրականացնող  շինարարական  ընկերությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման  աշխատանքների եւ եղանակային  պայմանների  պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի  մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային  ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի  պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ  անհրաժեշտ  աշխատանքներ են իրականացվում:

Փոխվարչապետը  բոլոր կողմերին հորդորեց աշխատել համակարգված: Նա ծրագրի պատասխանատուներին առաջարկեց  աշխատանքները կազմակերպելիս հաշվի առնել ինչպես  քաղաքի  փողոցների կառուցապատման, այնպես էլ բնակլիմայական պայմանների  առանձնահատկությունները: Մասնավորապես, առաջարկվեց  աշխատանքներն ավարտել  մինչեւ հոկտեմբեր, որպեսզի հետագայում լրացուցիչ դժվարություններ չառաջանան բնակիչների համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Գյումրիի գլխավոր եւ երկրորդական փողոցները բառացիորեն թաղվել են ցեխի մեջ եւ անանցանելի դարձել։ Պատճառը ձյան հալոցքն է եւ նախորդ տարվա ընթացքում «Շիրակ-ջրմուղկոյուղու» կողմից KFW բանկի ֆինանսավորմամբ նոր ջրագծերի անցկացման նպատակով քաղաքի տարբեր հատվածներում սկսված շինարարական աշխատանքները։