Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանի մասին:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել ս.թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը:
ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում և հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում:
Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն»:




























