Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են խեղաթյուրել դիվանագետների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հայտարարությունները: Սովորության համաձան՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ամբողջ հայտարարությունից տեսնում են միայն այն, «ինչը իրենց է հարմար»:
Հերթական կազուսը կապված է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգի հայտարարության հետ: Նա Հազար համալսարանում ելույթ է ունեցել «Politics and Political Culture of the United Kingdom of Great Britain and Northern İreland» թեմայով զեկույցով:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությւոններով՝ դեսպանը սկզբում պատմել է իր երկրի ավանդույթների ու արտաքին քաղաքականության մասին: Նա նաեւ անդադարձել է Ուկրաինայում եւ այլ երկրներում տիրող անկայուն իրավիճակին:
Անդրադառնալով Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից առանձնանալու ու ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներին՝ դիվանագետն ասել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում դեբատներ են անցկացվելու՝ Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայից անջատվելու հետ կապված: «Բոլորը համաձայն են, որ Հայաստանը պետք է ազատի օկուպացված տարածքները, իսկ դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այն, ինչ տեղի է ունենում Բրիտանիայում, եւս հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սկսելու փոխարեն մենք հանրաքվե կանցկացնենք: Եվ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը որոշելու համար եւս պետք է հանրաքվե անցկացվի: Դա կարգավիճակի որոշման համար տրամաբանական կոմպրոմիս է»:
Այս ողջ ասվածից ադրբեջանական լրատվամիջոցների մեծ մասը «հաջողացրել է» հասկանալ միայն այն, որ Մեծ Բրիտանիան համարում է, որ «Հայաստանը պետք է ազատի գրավյալ տարածքները»: Ըստ էության, դիվանագետի կոչը, որը ներկայացնում է մի երկիրը, որը որեւէ կերպ չի մասնակցում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, հանգում է նրան, որ խնդիրները պետք է լուծել քաղաքակիրթ եղանակով:
Դա ուղղակի մեսիջ է Ադրբեջանին, որը արյունալի հակամարտություն է հրահրել ու շարունակում է սպառնալ բոլոր հարցերը լուծել ուժով: Բայց, ինչպես ասում են, ադրբեջանական լրատվամիջոցները չեն ցանկանում տեսնել իրենց աչքի գերանը:




























