Առավելագույնս երկու շաբաթների ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն կուսումնասիրի համապատասխան փաստաթղթերը՝ կապված հայ գերի Մամիկոն Խոջոյանի գործի հետ ու կնախապատրաստի հայց ՄԻԵԴ-ին: Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդիմե իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից տարածած վարկածն այն մասին, որ Խոջոյանը «դիվերսիոն խմբի առաջնորդ է», խիստ քննադատության է ենթարկվել հենց ադրբեջանցիների կողմից: «Մենք պետք է կարողանանք շփվել Մամիկոն Խոջոյանի հետ, նա պետք է ի վիճակի լինի խոսել, որպեսզի պատմի, թե իր հետ ինչ է պատահել: Բացի այդ, այսօրվա դրությամբ շատ կարեւոր է, որպեսզի հայ հասարակությունը միասնական դիրքորոշում դրսեւորի այս գործընթացում, չպետք է մոռանալ, որ մենք միշտ չէ, որ հնարավորություն ենք ունենում գերեվարվածին ողջ հետ ստանալ»,-ընդգծել է Ալավերդյանը, հավելելով, որ հայ հասարակությունը պետք է անի ամեն բան, որպեսզի գոնե այս դեպքը քննարկման առարկա դառնա միջազգային մակարդակում: