Հայաստանում իրացվող խաղալիքները պետք է հայերեն մակնշում ունենան: Այս մասին ասված է մարտի 6-ին Գործադիրի նիստում ընդունված տեխնիկական կանոնադրությունում: Խաղալիքի շուկա դուրս գալով՝ արտադրողը պետք է համապատասխան փաստաթղթեր ունենա. Փորձաքննության մասին արձանագրություն կամ համապատասխանության սերտիֆիկատ, ինչպես նաեւ համապատասխանության մասին գնահատականի փաստաթուղթ:

Ռիսկերի առաջացման դեպքում արտադրողը պետք է սպառողների բողոքներն արձանագրի, անորակ խաղալիքները հետ կանչի, ինչպես նաեւ մատակարարներին տեղեկացնի  իր դիտարկումների արդյունքների մասին:

Խաղալիքի կամ դրա տուփի վրա պետք է նույնականացման տվյալներ լինեն. ապրանքային խմբաքանակի համարը, սերիան կամ մոդելը, ինչպես նաեւ արտադրողի տվյալները՝ հետադարձ կապի հասցեով: Խաղալիքի ծանոթագրությունները պետք է ապահով օգտագործման տվյալներ պարունակեն:

Խաղալիքները չպետք է շնչահեղձության վտանգ պարունակեն, իսկ դրանց անմիջական օգտագործման ռիսկերը (օրինակ, էլեկտրական) պետք է նվազագույն լինեն: Խաղալիքների մասերը չպետք է վնասվածք ստանալու վտանգ պարունակեն ձեռքի կամ դեմքի հետ շփման ընթացքում:

Մինչեւ 3 տարեկան երեխաների խաղալիքներում չպետք է օգտագործվեն բնական կաշի կամ մորթի, ապակի կամ ճենապակի, թուղթ:

Տեխնիկական կանոնադրությունը չի տարածվում մի շարք սպորտային պարագաների վրա (անվաչմուշկներ, սքեյթբորդներ, հեծանիվներ եւ այլն), ինչպես նաեւ հավաքածուների մոդելների ու մանրակերտների վրա: