ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր՝ մարտի 6-ին, կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:
Այդ նպատակով «Իջեւանի» բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երեւան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Գերության մեջ Մամիկոն Խոջոյանին խոշտանգել են, կոտրել են ձեռքը, մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ կան, նույնիսկ հրազենային վնասվածք է ստացել: Այժմ նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել:




























