Արեւմուտքը Ուկրաինայի իրադարձությունների վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միջազգային ռազմավարական հետազոտական կազմակերպության էներգետիկ անվտանգության հետազոտական կենտրոնի ղեկավար Հասան Սելիմ Օզերթեմը:

Թուրք փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը մեսիջ է հղել, որ Ղրիմը իր ազգային շահերի համար «կարմիր գիծ է»: «Զորավարժությունները, Ղրիմում ռուսական զինված ուժերի ներկայությունը, Topol-M հրթիռի արձակումը ցույց տվեցին Ռուսաստանի վճռական տրամադրվածությունը: Ես համարում եմ, որ դա լուրջ փորձություն է Արեւմուտքի համար՝ Կրեմլի հետ Փոխգործակցության տեսանկյունից, քանի որ Արեւմուտքը չունի որեւէ էական գործիք»,-նշել է Օզերթեմը: Այդուհանդերձ, նրա խոսքով, «ռուսական կողմի քայլերը անտեսում են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները»: