Նիդեռլանդների իշխանությունները կալանք են դրել ուկրաինական կասկածելի «մի քանի հարյուր միլիոն եվրո» ակտիվների վրա: Այդ մասին Pauw & Witteman հեռուստատեսային հաղորդման ժամանակ հայտնել է Հոլանդիայի ֆինանսների նախարար Յերուն Դեյսելբլումը:
Նա պարզաբանել է, որ խոսքը այն փողերի մասին է, որոնք կապված են Ուկրաինայի նախկին իշխանության 18 անձանց կողմից վերահսկվող ձեռնարկությունների հետ, եւ որոնց դեմ էլ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում:
Ըստ նրա` այդ մարդիկ Ուկրաինայի բյուջեից «հանել էին միլիարդավոր եվրոներ»:
Նախարարը չի հայտնել, թե դրանց շարքում կան արդյոք նախագահ Վիկտոր Յանուկովիչի կամ նրա որդի Ալեքսանդրի ակտիվները, վերջինս Հոլանդիայում գրանցված երկու ընկերություն ունի:
Բանկերը եւ ֆինանասական մյուս կառույցները իրենց նյութերում կստուգեն այդ ցուցակում եղած անձանց առկայությունը եւ այդ մասին անմիջապես կհայտնեն ֆինանսական հանցագործությունները քննող մարմիններին, հայտնում է ԼԻԳԱ-ն:
Ըստ Դեյսելբլումի` ինքը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատին խոստացել է քննել` կան արդյոք երկրում ուկրաինական ակտիվներ, որոնք ստացվել են կոռուպցիոն կամ ապօրինի գործունեության հետեւանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի ակտիվները սառեցրել էին Մեծ Բրիտանիան, Կանադան, Շվեյցարիան, Ավստրիան եւ Լիխտեյնշտեյնը:
Մարտի 6-ին ԵՄ-ն հրապարակել էր պատժամիջոցների ենթական ուկրաինացի պաշտոնյաների ցուցակը: Խոսքը նաեւ նրանց հաշիվները սառեցնելու մասին էր:
ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ենթակա ուկրաինացիների ցուցակը




























