Ադրբեջանական գերությունից օրեր առաջ ազատված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը՝ կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:

Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանը այժմ գտնվում է Վերակենդանացնման բաժանմունքում, հետազոտություններ է անցնում: «Դեռ վիճակը ծանր է, չի կարողանում խոսել, հիշողությունը չի վերականգնվել, նեվրոզային, դեպրեսիվ վիճակ է, պետք է մի քիչ այդ վիճակից դուրս գա, որ վիրահատենք»,- ասաց Արա Մինասյանը:

Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանին կվիրահատեն մյուս շաբաթ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:  Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։