Արտաքին քաղաքականության տեսնկյունից Հայաստանը պետք է միայն մեկ ճանապարհ ունենա՝ եվրաինտեգրացիա: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարեպետյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ներկա օրակարգը ձեւավորվում է երկրից դուրս: «Այն թելադրվում է կոնկրետ մեկ կենտրոնից՝ Մոսկվայից: Ներկայումս Հայաստանի առաջնահերթ խնդիրը դարձել է Մաքսային միությանն անդամակցությունը: Բայց, ի տարբերություն ոմանց, ես դա «անշրջելի» չեմ համարում»,-ասել է Կարապետյանը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքականության մեջ չկան «անշրջելի» գործընթացներ: (նման պնդում էր արել ՀԱԿ առաջնորդ Լեւոն տեր-Պետրոսյանը-խմբ):
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձություններ ցույց տվեցին, որ «Մաքսային միության գաղափարը դատարկ է եւ հիմնված շանտաժի ու պարտադրանքի վրա»: «Այդպիսի միությունը երկար չի կարող գոյություն ունենալ: Բացի այդ, ուկրաինական իրադարձությունները խթան դարձան հայ հասարակության համար, որպեսզի պայքար մղի իր ազատ ընտրության համար մինչեւ հաղթանակ»,-ամփոփել է Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ աջակցել եվրասիական ինտեգրմանը:



























