«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները քիչ առաջ հասան Ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն մի քանի շարք կազմած ոստիկանները թույլ չեն տալիս նույնիսկ մոտենալ շենքին:
Ակցիայի մասնակիցները կանգնած են «Հանրապետական» մարզադաշտի մոտ, որտեղից Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս առաջ գնալ:
Ակտիվիստները գոռում են «ճանապարհ, ճանապարհ», «ազատություն մեր ընկերներին», «ազատ, անկախ Հայաստան»:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ բերման ենթարկվածներին 20 րոպեից ազատ կարձակեն։
Նշենք, որ բերման ենթարկվածները 3-ն են, որոնցից մեկը Արշակ Հակոբյանն է:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ին, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով, որ Ֆինանսների նախարարն իջնի եւ պատասխանի իրենց հարցերին: Տեսնելով, որ նախարարը չի արձագանքում իրենց պահանջներին, ակցիայի մասնակիցները փակեցին Նալբանդյան փողոցը, բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























