Ուկրաինայի իրադարձությունների շուրջ Հայաստանի ցանկացած դիրքորոշման արտահայտում  կարող է խնդիրներ ստեղծել  ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կամ եվրոպական երկրների հետ: Այս մասին մարտի 7-ի մամուլի ասուլիսում հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ Հայաստանն այժմ կանի նույնը, ինչ որ արեց 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ. չեզոքություն կպահպանի: «Ցանկացած դիրքորոշում կարող է բացասական ազդել նաեւ Ուկրաինայում բնակվող  հայերի վրա», - հավելել է փորձագետը: Ըստ Մինասյանի՝ մարդիկ, որոնք իրենց շահերից ելնելով պահանջում են, որպեսզի Հայաստանը հայտնի իր դիրքորոշումը, կհիասթափվեն, քանի որ այն իրենց սպասելիքների միանգամայն հակառակը կլինի:

Քաղաքագետը նշել է, որ իր դիրքորոշումը չի հայտնել նաեւ Ադրբեջանը, ի տարբերություն Վրաստանի, որի դրդապատճառը հասկանալի է: «Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ցանկացած ռազմական նախաձեռնություն նախկին խորհրդային երկրների վրա նույն կերպ է ազդում: Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական աշխուժացում հետխորհրդային պետություններին դնում է ինքնատիպ  ընդարմացման մեջ», - նշել է Սերգեյ Մինասյանը: