Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ ոչ թե ՀԷԿ է կառուցվում, այլ ընդամենը խողովակաշար է անցկացվում: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարար Արմեն Խաչատրյանը, որին պատկանող GAHA Energy ընկերությունը տեղեկությունների համաձայն պատրաստվում է այնտեղ ՀԷԿ կառուցել:

«Ընդամենը խողովակաշար ենք անցկացնում, իսկ ՀԷԿ կառուցելը հետագայի հարց է: Ավելի ուշ կքննարկենք, թե ինչ կանենք»,- ասաց նա:

Արմեն Խաչատրյանը հրաժարվեց ասել, թե ինչ բիզնեսով է զբաղվում՝ նշելով միայն, որ ՀԷԿ չունի: Գործարարը խորհուրդ տվեց մյուս հարցերով դիմել ընկերության իրավաբան Գեւորգ Սարգսյանին:

NEWS.am-ի հետ զրույցում իրավաբանը նշեց, որ ընկերությունն այնտեղ ՀԷԿ չի կառուցում, միայն «փոքրիկ ջրատար» է կառուցում:

«ՀԷԿ կառուցելու մասին խոսելը վաղ է, բայց եթե մեզ տված խոստումները պահվեն, ուրեմն այն կկառուցվի: Նորից եմ շեշտում, որ այն ոչ մի բան չի խանգարում. ոչ գետի ջուր ա դա, ոչ ձկնաշխարհին ա խանգարում, ոչ բնությանն ա խանգարում: Ոչ մի բան չկա, որ ձուկ սատկի կամ ուրիշ բան: Ստեղծված հանձնաժողովի քննարկումից հետո պարզ կլինի մեր հետագա քայլերը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընկերությունը գործում է օրենքի սահմաններում:

Մեր թղթակցի հարցին՝ ինչո՞ւ է Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը շահագրգռված, որ ՀԷԿ-ը չկառուցվի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Լյովա Խաչատրյանը չգիտեմ՝ ինչի համար ա պայքարում: Խնդրում եմ, որ ամեն մարդ իրա գործով զբաղվի, եթե կարա: Եթե մենք պատգամավոր չենք, ուրեմն չենք ասում՝ Լյովա Խաչատրյանն ինչու սրճարան սարքեց Օպերայի կանաչի վրա: Կամ հենց նույն գետի վրա մենք գիտենք, որ ՀԷԿ կառուցելու համար Լյովա Խաչատրյանը թույլտվություն ունի»:

Իրավաբանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությանը, թե տարածքում գյուղացիներին պատկանող ծառեր են կտրվել: 

«Թող գան բոլոր գյուղացիք ու ցույց տան մի հատ ծառ կտրված, վստահեցնում եմ, որ նման բան չկա: Եթե էդպիսի բան լինի, թող պետությունը վերջին պատիժը տա, բայց նման բան չկա»,- ավելացրեց Գեւորգ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։