Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համարում է, որ Կիեւի նոր իշխանությունները «ինքնուրույն չեն եւ կախված են իշխանությունը զինված ճանապարհով գրաված արմատական ազգայնականներից»: Այս մասին, այսօր՝ մարտի 8-ին, Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ բանակցություններից հետո, համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչպես դուք ասացիք, «ժամանակավոր կառավարությունը» ինքնուրույն չէ, այն, ցավոք, կախված է, արմատական ազգայնականներից, որոնք զինված զավթել են իշխանությունը: Ինձ թվում է, մեր արեւմտյան գործընկերները լավ գիտեն, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ ուժերը»,-ասել է ռուսաստանցի նախարարը:

Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ին առաջարկել է հետաքննել Ուկրաինայում «դիպուկահարների գործը», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Վերջին տեղեկություններն, այսպես կոչված, «դիպուկահարների գործով», ես կարծում եմ, արդեն անհնար կլինի թաքցնել: Մենք առաջարկել ենք, որ ԵԱՀԿ-ն զբաղվի այդ փաստի օբյեկտիվ հետաքննությամբ եւ կփորձենք հասնել արդարության»,-ասել է նա:

Հիշեցնենք, ավելի վաղ համացանցում հայտնվել էր Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պայետի եւ ԵՄ արտաքին գործերի Գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի զրույցը, որում Պայետը  վերապատմում էր Կիեւի բախումների ժամանակ կրակող դիպուկահարների  մասին վարկածը։ Ռուսական մամուլում նախարարի խոսքերը ներկայացրել էին որպես ընդդիմության կողմից դիպուկահարներին վարձելու ապացույց։ Պայետն ինքը հաստատել էր  ձայնագրության իսկությունը՝ բացատրելով, որ ընդամենը վերապատմել է փետրվարի 25-ին Կիեւում հասարակական գործիչ, բժիշկ Օլգա Բոգոմոլեցից լսած վարկածը։

Իր հերթին Օլգա Բոգոմոլեցը լրագրողներին հայտնել է, որ ինքը, նախ Պաետին չի ասել երկու կողմից սպանվածների մասին, քանի որ զոհված ոստիկանների մարմիններ չի տեսել: Երկրորդ, նրա խոսքով, ինքը ենթադրություն չի արել, որ Մայդանում դիպուկահարներին հնարավոր է ղեկավարել է Մայդանի ընդդիմադիրներից մեկը:

Էստոնիայի ԱԳ նախարար. Դիպուկահարների մասին խոսակցությունը սուտ է մեկնաբանվել