Սաուդյան Արաբիան եւ Քաթարն ապակայունացնում են դրությունը Իրաքում գրոհայիններին աջակցելու եղանակով եւ փաստացի երկրին պատերազմ են հայտարարել: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին:

Ալ-Մալիքիի խոսքով՝ Քաթարը եւ Սաուդյան Արաբիան «հարձակվում են Իրաքի վրա Սիրիայի միջոցով եւ ուղղակի կերպով, նրանք գովազդում էին պատերազմն Իրաքում»: Նա նաեւ այս երկու երկրի վրա է դրել պատասխանատվությունն Իրաքում անկայուն իրավիճակի եւ երկրում ահաբեկչական ակտիվության համար: Որեւէ ապացույց իր հայտարարությունների համար Իրաքի վարչապետը չի ներկայացրել, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Հիշեցնենք, որ Իրաքի տարածքում այս պահին շարունակվում են բախումները մահմեդական շիաների եւ սունիների միջեւ հակամարտության հողի վրա: Սաուդյան Արաբիայում եւ Քաթարում իշխանության ղեկավարները սունիներ են:

Նշենք, որ 2014թ.-ի մարտի 7-ին Սաուդյան Արաբիան որոշում է ընդունել մի քանի իսլամիստական խմբավորումների(«Մահմեդական եղբայրներ», «Ֆրոնտ ալ-Նուսրա», «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն») դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Իշխանությունները թույլ են տվել իրենց քաղաքացիներին 15 օրվա ընթացքում զինված հակամարտության գոտուց տուն վերադառնալ. Այդ դեպքում նրանք կխուսափեն ձերբակալություններից ու հետապնդումներից:

Իր հերթին Քաթարը բազմիցս աջակցություն է ցուցաբերել իսլամիստներին, որն էլ 2014թ.-ի մարտի սկզբին պատճառ դարձավ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական կոնֆլիկտի համար:

ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան Քաթարից հետ են կանչում իրենց դեսպաններին