Սերբիան Հայաստանին շնորհակալ է Կոսովոյի հարցում հավասարակշռված դիրքորոշման համար, մարտի 10-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մկրկիչը:

Սերբիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ ներկայումս Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցություններ են տարվում, որոնց նպատակն է կյանքի նորմալ պայմաններ ստեղծել բոլոր քաղաքացիների համար: Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ Սերբիան մտադիր չէ ճանաչել Կոսովոն:  Բանակցություններում  պետք է հաշվի առնվեն այլ պարամետրեր, հավելել է նախարարը:  «Նպատակն է կայունություն հաստատել տարածաշրջանում, ընդունել ոչ ալբանացի քաղաքացիների կյանքի հավասար բարգավաճման համար պայմաններ ստեղծող օրենքներ», - նշել է նախարարը:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը դրական գործոն է համարում բանակցությունների անցկացումը եւ Սերբիային հաջողություն է մաղթել այդ գործընթացում: