2008թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության տապալումը իշխող կոալիցիայի վերջին հնարավորությունն է, քանի որ երկրում կարող են դեպքեր կատարվել, որոնց հետեւանքով ընդդիմադիր խմբակցություններին նրանց օգնությունը պետք չի լինի: Այս մասին մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: 

Ըստ Զուրաբյանի, հնարավոր է՝ երկրում այնպիսի քաղաքական գործընթացներ տեղի ունենան, երբ իշխող կուսակցության օգնության կարիքն այլեւս չի լինի: «Պարտադիր չէ, որպեսզի երկրում հեղափոխություն կատարվի, պարզապես մարդիկ կարող են հրաժարական տալ»:

Ի պատասխան այն հարցին, թե իսկապես ինքը հավատում է, որ իշխանությունից որեւէ մեկը հրաժարական կտա սեփական նախաձեռնությամբ, Զուրաբյանը նշել է.

«Երկրում  թավշյա քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ բազում օրինակներ կան, երբ բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարական են տվել: Սրանցից ավելի բռի-կոպալ մարդիկ են հրաժարական տվել»: Զուրաբյանը հիշեցրել է, որ  իշխող կոալիցիայի կազմի մեջ չմտնող խորհրդարանական  խմբակցությունները շարունակում են կառավարությանն անվստահության քվե հայտնելու առաջարկության նախապատրաստման աշխատանքը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am