Արեւմուտքը Ուկրաինայի դեպքերի հետ կապված ռազմական ուժ չի գործադրի, Ռուսաստանը տնտեսապես կքայքայվի, մարտի 10-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանի գաղտնի ծառայությունների նախկին ղեկավար  Դավիթ Շահնազարյանը:

Ըստ նրա` եւ Ռուսաստանը, եւ Արեւմուտքը գերագնահատում են Ռուսաստանի հնարավորությունները եւ թերագնահատում Արեւմուտքի հնարավորությունները: «Արեւմուտքն, առաջին հերթին, պետք է հասկանա, որ Ռուսաստանը սառը պատերազմ է հայտարարել», - ընդգծել է Շահնազարյանը: Նա նշել է, որ իրադարձությունների հետագա զարգացման  ցանկացած սցենարի դեպքում` Հայաստանի վրա ճնշում է գործադրվելու Ռուսաստանի կողմից:

«Եթե Հայաստանի իշխանություններն ճանաչեն Ղրիմի հանրաքվեն, դա հանցագործություն կլինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Դեռեւս հայկական իշխանություններին հաջողվում է  չեզոքություն պահպանել: Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը վճռական քայլերի կդիմի մեր տարածաշրջանում:  Առանց պատերազմի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող պահպանել իր իշխանությունը», - նշել է Դավիթ Շահնազարյանը: Նրա կարծիքով` ժամանակակից պատերազմի կարեւոր բաղադրիչն է տեղեկատվական պատերազմը, որտեղ Ռուսաստանն արդեն պարտվել է: Ըստ Շահնազարյանի` «Պուտինի կայսրության» փլուզումն անխուսափելի է, կարող են փոխվել միայն սցենարները: